կարևոր
903 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-25 16:41

Վրաստանը հուլիսի 1-ից հետո կպահպանի մի շարք երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի զբոսաշրջիկների մուտքի արգելքը

Վրաստանը հուլիսի 1-ից հետո կպահպանի մի շարք երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի զբոսաշրջիկների մուտքի արգելքը

Վրաստանի իշխանությունները կարգելեն, որ սահմանների բացմամբ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանա, հետևաբար առաջիկայում նախատեսվում է զբոսաշրջիկներ ընդունել միայն կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակով երկրներից. այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրուցում Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերին հղումով։ 

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների: Ակնկալվում է, որ Վրաստան մուտքը կթույլատրեն Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան և մի շարք այլ երկրներից ճանապարհորդների համար:

Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ ցուցակի մեջ չեն ընդգրկվի Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը և մի քանի երկրներ, որտեղից Վրաստանը ամենամեծ թվով զբոսաշրջիկների էր ընդունում:

Այս առնչությամբ Գաբունիան ասել է. «Շատ երկրներ, որոնք մեզ համար զբոսաշրջիկների որոշակի աղբյուր էին, բավականին բարդ համաճարակային իրավիճակում են: Այնտեղից ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ռիսկ կա, և մենք այդ ռիսկերը թույլ չենք տա», ու հավելել՝ դեռևս վերջերս Վրաստանը բանակցություններ էր վարում Իսրայել զբոսաշրջային ուղեւորություների վերսկսման շուրջ, սակայն այնտեղ համաճարակային վիճակը վատթարացել է, ու «նրանք իրենք որոշ չափով վերանայեցին այդ որոշումը:

Գաբունիան հստակեցրել է նաև, որ ԵՄ իշխանությունները նմանատիպ ռազմավարություն են ընտրել: Հայտնի է՝ ԵՄ-ն քննարկում է մի քանի երկրների քաղաքացիների համար իր տարածք մուտքի ժամանակավոր արգելման հնարավորությունը՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շարունակվող անբարենպաստ իրավիճակի հետ:

«Մենք թույլ չենք տա վիրուսին երկիր մուտք գործել: Եթե մենք բացում ենք դռները բարձր ռիսկայնությամբ երկրների համար, ապա, իհարկե, լրացուցիչ քննարկման ու վերլուծության կարիք չկա, այդ ռիսկը երկրում կհայտնվի: Այսպիսով, առաջին չափանիշը, որը բոլոր երկրները քննարկում եւ դիտարկում են, սահմանների բացումն է, այսպես կոչված, կանաչ երկրների համար, որտեղ համաճարակը լավ վերահսկվում է»,- մանրամասնել է Վրաստանի առողջապահության փոխնախարարն ու բացատրել՝ երկրի մուտք գործելիս պաշտպանության որոշակի մեխանիզմ կարող են համարվել «հուսալի լաբորատորիայում» ուղեւորությունից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ արված կորոնիվիրուսի ախտորոշման՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով անցկացված թեստերի բացասական արդյունքները: Սակայն, վրաց իշխանությունները չեն պատրաստվում ապավինել միայն նման վկայագրերին։ 

Գաբունիան այս իմաստով նշել է՝ հնարավոր է՝ այդ մեխանիզմը կկիրառվի համապատասխան խմբերում. «Սակայն այն չի կարող զանգվածային լինել, եթե պատկերացնենք, որ ակտիվ ներհոսք կսկսվի բարձր ռիսկային երկրներից: Ուստի մենք շատ զգույշ ենք վերաբերվում այս հարցին: Տեսնենք, թե ինչպես կզարգանա համաճարակաբանական իրավիճակը», - ամփոփել է նա։