Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 081 թեստավորում: Վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Հինգ օր շարունակ հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Համավարակի ընթացքում Լատվիայում կատարվել է 142 հազար 794 թեստավորում, հիվանդություն հաստատվել է 1 111 մարդու մոտ, մահացել է 30-ը:
Ներկայում բուժհաստատություններում բուժվում է 8 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։