կարևոր
795 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-25 14:12

«Իմ քայլն» առաջարկել է ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանել 6 տարի

«Իմ քայլն» առաջարկել է ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանել 6 տարի

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված գույքային հարկի փոփոխություններին առնչվող նախագծի համար նոր առաջարկ է ներկայացրել, ըստ որի գույքային հարկերի գծով բեռի բարձրացումը կիրականացվի ոչ թե 4 տարում, ինչպես նախագծով սկզբնապես առաջարկվել էր, այլ  6 տարվա ընթացքում: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ստացված առաջարկները:

«Իմ քայլի» առաջարկը վերաբերում է նրան, որ համակարգի ներդրումն ավելի սահուն ապահովելու համար գույքային հարկերի գծով բեռի բարձրացումը աստիճանաբար իրականացվի ոչ թե 4 տարում, ինչպես նախագծով սկզբնապես առաջարկվել էր, այլ  6 տարում: Առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը: Սրանով, ըստ էության, առաջարկվում է երկու տարի ավել տևողությամբ ապահովել այս համակարգի ներդրումը»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարության համար առաջարկը ընդունելի է եղել, նախագիծը լրամշակվել է:

Խմբակցության մյուս առաջարկով էլ ավելի կընդգծվի համակարգի պրոգրեսիվությունը: Բարձրարժեք գույքի, շքեղության չափորոշիչ համարվող գույքային միավորի համար առաջարկվել է ավելի բարձր հարկային բեռ: «Տվյալ դեպքում առաջարկվել է 200 մլն դրամ և ավելի հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափը գերազանցող մասով լինի ոչ թե 1 տոկոս, այլ 1,5 տոկոս»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առաջարկը ևս ընդունվել է:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0,05 տոկոս հարկման դրույքաչափ: