Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կհասնի 10 մլն-ի: Լուրը հրապարակել է tert.am-ը։
«Ներկա պահին «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 9.1 մլն դեպքերի մասին է հաղորդվել ԱՀԿ-ին, ինչպես նաև մահվան ավելի քան 470 000 դեպքերի: Բռնկման առաջին ամսում 10 000-ից էլ քիչ դեպքերի մասին էր հաղորդվել ԱՀԿ-ին: Վերջին ամսում մոտ 4 մլն դեպք է բացահայտվել»,- CNN-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Վերջինս հավելել է. «Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ վարակման ցուցանիշը կհասնի 10 մլն-ի: Սա հիշեցում է այն մասին, որ շարունակելով պատվաստանյութի ստեղծման և բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք անելու ամեն ինչ, որ կանխենք վիրուսի տարածումն ու կյանքեր փրկենք»: