կարևոր
1457 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 18:55

ԲԴԽ նախագահը քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներին հորդորում է տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն

ԲԴԽ նախագահը քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներին հորդորում է տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն

Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին եւ դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում: Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետեւություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների եւ դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում:

Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարեւոր է նաեւ հանրային ճիշտ եւ օբյեկտիվ ընկալում ունենալու համար:

Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռեւս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում եւ կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, եւ առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին:

Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաեւ անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ եւ՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, եւ՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ:

Հ.Գ. Քննչական մարմինների եւ դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական եւ պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային եւ արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»։