կարևոր
1469 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 18:26

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

Հայաստանն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ:

Ջանջուղազյանը վերահաստատեց դեռ ապրիլին՝ բյուջեի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնած իր կարծիքը: «Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,-ասաց նախարարն ու նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցելը նպատակահարմար չի համարել և շարունակում է չհամարել:

Նախարարը հիշեցրեց, որ Համաշախարհային բանկն իր անդամ պետություններին առաջարկել է հնարավորություն, որից օգտվել է նաև Հայաստանը:

 Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: