05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհ է գույքային հարկի առաջարկվող փոփոխություններից, նա մասնավորապես դեմ է բնակարանների, բնակելի տների համար չհարկվող շեմը վերացնելուն: Պատգամավորը նման տեսակետ հայտնել է ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման իր ելույթում:
Պատգամավորի կարծիքով՝ առաջարկվում են վատթարացնող նորմերով գույքահարկի դրույքներ: «Այս գույքահարկի փոփոխությունների հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, համայնքն է: Եվ անգամ Երևանի համայնքապետարանը դեռ կարծիք չի հասցրել տալ, չունեք»,-ասել է Թանդիլյանը:
Պատգամավորը նկատել է, որ նախագծով գույքահարկը կբարձրանա միջինը 3-4 անգամ: Մոտ 580 հազար նոր գույքային միավոր դառնալու է հարկատու: Անդրադառնալով Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքին, թե հարկում են տեսանելի գույքը, Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ 3 մլն դրամով գու՞յքն է տեսանելի հարստություն: «200 մլն դրամից ավել արժեքով գույքը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է անպայման սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն մինչև 10 մլն դրամը»,-նշել է Թանդիլյանը:
Պատգամավորը նաև վստահ չէ, որ այդ 580 հազար գույք ունեցողները բոլորը եկամտային հարկ վճարող էին, և համահարթ եկամտային հարկի անցումից հետո իրենց հարկային բեռը նվազել է, և ունեն ավելի շատ եկամուտ, որ կարող են վճարել:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ: