կարևոր
1560 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-24 14:10

Դիլիջանում հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 23-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերեցին եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման ենթարկեցին 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի եւ տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 35 եւ 32-ամյա բնակիչներն ու հիվանդանոց տեղափոխված անձը վիճել էին, որի ընթացքում 35-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել էր 31-ամյա տղամարդու ուղղությամբ:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Դիլիջանի 35-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ու հայտարարվել հետախուզում։ Նա հայտնաբերվելուց հետո ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։