396 դիտում, 2020.06.23 17:58

Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջները վերցրել են Հայաստանում ու տեղափոխել

Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջները վերցրել են Հայաստանում ու տեղափոխել

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում կարևոր իրադարձություն է: Ռեեստրում հունիսի 23-ին իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրիկը։ Այս մասին տեղեկացնում են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից:

«Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը: Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումերը էլ ավելի բարդացրեցին, առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան  անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  Հայաստանի հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին:

«Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և «Բելավիա» ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումն անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար: Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրական գեղեցիկ քայլի օրինակ էր: Մեր կազմակերպության անունից հորդորում ենք բոլորին կրել դիմակներ և օգնել հաղթահարելու համաճարակը մեր երկրում»,-նշվում է հաղորդագրությունում: 

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:  Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5165 հիվանդի հետ նախնական համընկնող 5237 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 35-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:​