կարևոր
2610 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 16:05

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը:

Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները:

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արձանագրության միջոցառումների իրականացման ընթացքը քննարկելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից:

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես առողջապահության ոլորտում: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը անցկացնել Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում: Հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և արդեն իսկ հաստատված միջոցառումների արդյունավետ իրականացումը ապահովելու ուղղությամբ: