կարևոր
1067 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 14:45

Պաշտպանների դատավարական հնարավորությունը բազմիցս չարաշահվել է․ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ

Պաշտպանների դատավարական հնարավորությունը բազմիցս չարաշահվել է․ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է ճանաչել ամբաստանյալների և պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և անցնել դատաքննության։ Դատախազը նշեց, որ դատարանը քննել է գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի, մի քանի դեպքերում Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություններ, որոնց վերաբերյալ կայացվել է 8 որոշում։

«Ներկայացվել են դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններ, մեղադրողներ Կարեն Բիշարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկներ, որոնց վերաբերյալ կայացվել են 5 որոշում, և քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ, որոնց վերաբերյալ կայացվել է մեկ որոշում։ Ներկայացված միջնորդությունների քանակական ցուցանիշը արդեն իսկ վկայում է, որ այս դատավարական հնարավորությունը բազմիցս չարաշահվել է»,- ասաց դատախազը։

Ըստ դատախազի՝ անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե դատավարության տևողությունը ձգձգող պատճառները արդյո՞ք ձևավորվել են դատավարության մասնակիցների դրսևորված վարքագծի արդյունքում։

«Հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում դատավարության մասնակիցների պարբերաբար չներկայանալու պատճառով, արյդո՞ք դրանք եղել են հարգելի կամ անհարգելի, ո՞ւմ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու միջնորդություն, արդյո՞ք դատավարության մասնակիցները իրենց դատավարական իրավունքներից օգտվել և իրենց դատավարական պարտականությունները կատարում են բարեխղճորեն, թե՞ նրանց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծվել, որոնք, հավանաբար, կձգձգեին գործի վարույթը։ Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք անձինք չարաշահե՞լ են իրենց դատավարական իրավունքները»,- ասաց Բաղդասարյանը։