Սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանն այս պահին չեն շտապում կարծիք հայտնել իրենց լիազորությունների դադարեցման օրենքի վերաբերյալ: Թոխյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող կարծիք հայտնել այն հարցի վերաբերյալ, որը կարող է հետագայում քննարկման առարկա դառնալ Սահմանադրական դատարանում:
«Այն խնդիրը, որը կարող է գալ Սահմանադրական դատարան, ՍԴ-ի անդամները չեն կարող այդ հարցով կարծիք հայտնել»,- ասաց Թոխյանը:
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը վստահ է, որ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունն իրեն չի վերաբերում, քանի որ ինքը 12 տարի պաշտոնավարում է ոչ թե շարունակական, այլ ընդհատումներով: Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, մինչ այդ նա ՍԴ անդամ է եղել 1996-2003թթ.:
«Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից: Այդ օրենքի համապատասխան՝ ինձ վրա այդ նորմը չի տարածվում: Չի բացառվում, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, չեմ ցանկանում ինձ կաշկանդել այդ հարցի քննարկմանը մասնակցելուց»,- նշեց Գյուլումյանը:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որն այս փոփոխությամբ դադարելու է պաշտոնավել և շարունակելու է պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ՝ Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական Սահմանադրական վերահսկողության, իսկ Սահմանադրական դատարանն այդպիսի նախագիծ չի քննարկել:
Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Խորհրդարանի նիստին մասնակցեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Օրինագծի ընդունմամբ կդադարեցվեն ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին:
Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց: