կարևոր
2317 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-23 14:05

Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում

Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն։

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: 

«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին, և երկրի արևմուտքում գտնվող տարածքների և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև, որը մեկ տարուց ավելի է փորձում է զավթել մայրաքաղաքը։