կարևոր
1269 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 21:55

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերի շուրջ

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Ստեփանակերտի քաղաքապետի, քաղաքաշինության նախարարության և շահագրգիռ այլ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը բեռնաթափելու համար վերգետնյա ու ստորգետնյա անցումների կառուցման, ավտոկայանի տարածքի ընդլայնման և նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման ու տեղում  բնակելի նոր շենքերի  կառուցման հարցերը:

Ներկայացված տարբեր ճարտարապետական էսքիզների քննարկման արդյունքում Հանրապետության նախագահը հանձնարարել է 2021թ. պետական բյուջեի նախագծում նախատեսել մի շարք անցումների կառուցման ծրագրերը: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև կարճ ժամանակամիջոցում Ստեփանակերտի ավտոկայանի հարակից ազատ տարածքի հաշվին կազմել նոր ճարտարապետական նախագիծ, որը հնարավորություն կտա ընդարձակել ավտոկայանի տարածքը՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ուղևորների համար: Իսկ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող  նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման հարցով քննարկումները դեռ կշարունակվեն:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը: