կարևոր
1689 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 20:12

Երեք ՀԿ-ներ ողջունում են ՍԴ-ի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը

Երեք ՀԿ-ներ ողջունում են ՍԴ-ի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրազեկ քաղաքացիների միավորում» և  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ ողջունել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ԱԺ պատգամավորների կողմից առաջարկվող փոփոխությունը՝ որպես սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն։ Այս մասին տեղեկացնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից։

«Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի):

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ զավթված է եղել կոռուպցիոն ռեժիմի կողմից և դատական համակարգը եղել է այդ զավթման և՛ օբյեկտը, և՛ ակտիվ մասնակիցը: Մասնավորապես՝ սահմանադրական դատարանը տարիներ շարունակ իր որոշումներով լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները և անհնարին դարձրել երկրում քաղաքական, հետևաբար՝ նաև տնտեսական ու սոցիալական փոփոխությունները: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված էր դատական համակարգի, նաև՝ սահմանադրական դատարանի որոշ չափով անկախացում, այդ թվում՝ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում և դատարանի նախագահի՝ դատավորների կողմից ընտրություն: Սակայն, միևնույն ժամանակ, կոռումպացված ռեժիմի կողմից ներդրվել էր տվյալ բարեփոխումը փաստացիորեն ի չիք դարձնող դրույթ՝ հետաձգելով նշված փոփոխությունները 17 տարով:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունը՝ որպես սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն:

Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետության զավթումն ապահոված գործող սահմանադրությունը չի կարող ապահովել իրավական պետության սկզբունքների ապահովումը, և հորդորում են իշխանություններին սեղմ ժամկետներում նախաձեռնել իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, պետական մարմինների լեգիտիմությունը երաշխավորող սահմանադրական փոփոխություններ:

Մինչ այդ, կոչ ենք անում արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ իրականացնելով դատավորների և իրավապահների լայնածավալ և խորքային վեթինգ, ինչը լեգիտիմ կերպով ձևավորված խորհրդարանի առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ: