կարևոր
2016 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 19:03

Պատգամավորները փոփոխություններ կատարեցին ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում

Պատգամավորները փոփոխություններ կատարեցին ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները փոփոխություններ կատարեցին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Փոփոխության առաջարկ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը:

«Առաջարկում եմ օրինագծում կատարել փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում»,- ասաց Գրիգորյանը:

Պատգամավորների կողմից կատարվեցին նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:

Օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարած ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` երկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի նիստում ընդունվել է 89 «կողմ» ձայնով:

Օրինագծի ընդունման դեպքում կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին:

Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց։