ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ՍԴ դատավորներին և նախագահին փոխելու նախագիծը որոշակի առումով Սահմադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու օրինակ է: Բադասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Բաբաջանյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական են, նա հետաքրքրվեց, թե արդյոք մտածե՞լ են բովանակային փոփոխությունների մասին: Ըստ պատգամավորի՝ առաջարկվող փոփոխությունները կարող են հիպոթետիկ նոր սրացումներ առաջացնել, հարցրեց՝ արդյոք մտածե՞լ են այդ փոփոխությունների հիմքում դնել ԱԺ և ՍԴ հաշտեցման միջոցներ:
Բադասյանն արձագանքեց, որ ինքն առաջարկվող փոփոխությունը տեխնիկական չէր որակի: «Այն որոշակի առումով Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու օրինակ է: Այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը սահմանել է 12 տարի պաշտոնավարման ժամկետ: Մեր կարծիքով՝ անցումային դրույթով դրա կյանքի կոչումը չափազանց երկար ժամկետում է սահմանվել, որը իմաստազրկում է այդ մոդելի կյանքի կոչումը պրակտիկայում: Եվ, հետևաբար, բերել ենք այս նախագիծը՝ նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով»,-ասաց Բադասյանը:
Նախարարի կարծիքով՝ այս պահին դատական համակարգում՝ թե´ ՍԴ-ում, թե´ այլ դատարաններում, հիմնական գործիքներից մեկը, որով կարող են արդարադատության որակը բարձրացնել, ի թիվս այլ բարեփոխումների, դատավորների գույքային դրության արդյունավետ ստուգումն է: Նա նշեց՝ չափազանց մեծ խնդիր է ներկայացնում այն դատավորների պաշտոնավորումը, որոնք չեն կարողանում բացահայտել իրենց եկամուտների օրինական ծագման աղբյուրը կամ հիմնավորել դա:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի մեծ խումբ պատգամավորներ: Դրանով, ըստ էության, առաջարկվում է ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: