Վենետիկի հանձնաժողովն ասել է․ «Պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայման է: Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ ոչ մեկի անկախությունը չենք ապահովում։ Ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանան»։ Այս մասին լրագրողներին՝ ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հավելելով, որ նույն այդ հանձնաժողովն անցումային փուլ էր սահմանել։
«Այսինքն, ոչ թե միանգամից, էսպես կացնային ձևով ուրեմն կտրեն, էսպիսի մի նոր իրավիճակ առաջացնեն, այլ փուլային»
։ Պատգամավորի կարծիքով, եթե փոփոխություններն ընդունվեն, մենք կունենանք անգործունակ ՍԴ, որովհետեւ եթե 3-ը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում. ուրեմն էդ 5-ը չի ապահովվելու։ «Մենք սահմանադրության պատային իրավիճակ ենք ունենալու»,- նշել է Մելքումյանը։
Միքայել Մելքումյանը լրագրողներին նաև հայտնել է , որ այն ինչ կատարում է քաղաքական մեծամասնությունը, մեր երկիրը տանում է դեպի փակուղի։ Պատգամավորը նաև շեշտել է , որ կառավարությունը ձախողել է։