կարևոր
1983 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 13:30

Նիստի բոլոր մասնակիցները իրավական և քաղաքական պատասխանատվություն են կրելու. Նաիրա Զոհրաբյան

 Նիստի բոլոր մասնակիցները իրավական և քաղաքական պատասխանատվություն են կրելու. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական ու քաղաքական հետևանքների համար նիստի բոլոր մասնակիցները, բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն։ Այս մասին ԱԺ-ի ճեպազրույցիների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ փորձ է արվում մանիպուլացնել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ 

Ավելի վաղ խմբակցության մեկ այլ անդամ՝ Իվետա Տոնոյանը նշել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի արտահերթ նիստին՝ քննարկվող հարցի վերաբերյալ իր տեսակետները հայտնելու համար:

«Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների հեղինակած օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո մեկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին:

Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց: