կարևոր
2149 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-22 11:44

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

 Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, որում կքննարկվի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նախորդ քառօրյա նիստի ընթացքում իրենք բոյկոտ էին հայտարարել և լքել ԱԺ դահլիճը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ բոյկոտի պատճառը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն են եղել:

«Մենք մասնակցելու ենք նիստին: Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն, դա այդ ժամանակ մեր բողոքի խոսքն էր, բայց մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը: Այսօր մասնակցելու ենք նիստին, ներկայացնելու հարցի վերաբերյալ մեր տեսակետները»,- ասաց Տոնոյանը:

Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 13:00-ին:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորներին հեղինակած օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է: