կարևոր
1087 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-22 11:16

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու որոշման հետ, միաժամանակ վստահեցնում է, որ գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարր չկա: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Գաբրիելյանը նախ չցանկացավ արձագանքել ընթացող գործին՝ նկատելով, որ դատախազությունը բողոքարկելու է, գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում: «Հետևաբար այս պահին լրացուցիչը կարծիքը գուցե ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,-ասաց նա:

Այնուամենայնիվ լրագրողների տարբեր հարցերից հետո պատգամավորը որոշակիորեն հայտնեց իր վերաբերմունքը. «Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի»:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինչպես դատախազն էր նշել՝ հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել էր դեռ փետրվարից: «Ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշ անձինք, տեղի է ունեցել Ծառուկյանի հայտարարությունը (խմբ.-կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին)»,-նշեց նա ու շնորհավորեց ԲՀԿ-ին, որովհետև ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը, և այդ պահանջից դեռ 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել: 

Պատգամավորի խոսքով՝ նախկինում տարբեր առիթներով ուղիղ հարցադրմանը, թե պահանջու՞մ են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ի կողմից միշտ եղել է խուսափողական պատասխան:  «Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտում, և դրանից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,-նշեց նա:

Պատգամավորը նշեց՝ եթե չի սխալվում, ապա հարցաքննվել է մի անձնավորություն, որն առնչություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: «Երբ այս ամենը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր և չասեր, որ քաղաքական հետապնդում չկա, և կուսակցության առաջնորդը մեղավոր է և պետք է պատժվի: «Պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,-նշեց Գաբրիելյանը:

Դատարանը հունիսի 21-ին մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ Ավելի ուշ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: