«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ նրա բնակարանի պատուհաններից մեկի ապակու վրա կրակոցի հետք է հայտնաբերվել։
«Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։ Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա Անկեղծ ասած հաղորդմանս ու լուրերի մեր թողարկումներին»,-գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ հունիսի 21-ին անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է նշված շենքի բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։ Վարկածներից մեկն այն է, որ ճաքն առաջացել է կրակոցի հետևանքով, քանի որ միայն այդ դեպքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։
Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։