կարևոր
715 դիտում, 11 ամիս առաջ - 2020-06-20 12:32

ԱՄՆ-ն 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ն 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում է նաև Հայաստանը: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով: Այս մասին նշված է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամուլի հաղոդագրության մեջ:

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:

Ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, գերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնը, որից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):