«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է:
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Նշենք, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը»: