կարևոր
902 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-19 19:16

Փոխվարչապետը հայտնել է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք փոփոխությունների մասին

 Կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էր կատարվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մասնավորապես որոշվել է. հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,- գրել է Ավինյանը։

Ավինյանի կարծիքով՝ այդ փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Երևանի Ֆիրդուսի թաղամասում կառուցապատման աշխատանքեր են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2023 կամ 2024 թվականին։  Թաղամասում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։

Թաղամասում առկա է 8 հուշարձան շենք, որոնք դուրս են բերվել  Ֆրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բանակցություններ են տարվում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի, չքանդվի և դուրս գա ծրագրից։