Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատախազը միջնորդել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարի ազատազրկման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։ Նա գտնում է, որ սպանության փորձը և ապօրինի զենք կրելը հիմնավորված է։ Դատախազը ապօրինի զենքի կրելու մասով միջնորդեց, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկետը լրանալու հիմքը, իսկ սպանության փորձի մասով միջնորդեց դատապարտել 7 տարի ազատազրկման»,- ասաց Սարգսյանը։
Պաշտպանը նշեց, որ իրենք մշտապես հիմնավորել են, որ չկա սպանության փորձի հատկանիշ։ Պաշտպանական կողմը մանրամասները ճառով կներկայացնի հաջորդ դատական նիստում։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:
2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից: