Գյումրեցիների հումորն անսպառ է, անգամ համավարակի շրջանում։ Ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Ադամյանն իր էջում կատակով անդրադառնալով նախօրեին ԱՆ-ի հրապարակած քարտեզին նկատել է, որ բացի մարդկանցից կորոնավիրուսով են վարակվել նաև Գյումրու կենտրոնական հրապարակի արձանախումբն ու ՍԲ Ամենափրկիչ եկեղեցու պատը:
«Թոքաբորբով տապկըվի կը Վարդանանց արձանախմբից Ատոմ Մոկացը,
Բարձր ջերմություն ունի Ղևոնդ Երեցը,
Վարդան Մամիկոնյանը, էլի բարձր ջերմությունից, սկսել էր զառանցել ինչ-օր խմած փղերի մասին,
Փռըշտար կը Ամենափրկիչի պատի տըկի սկամեյկեն,
42 աստիճան ջերմությունից բոցավառվել են Ամենափրկիչի ու հրապարակի մեջտեղը գտնվող եղևնիներից իրեքը,
Սնգըրտար կը Ստեփան Շահումյանի արձանը ու անկապ-անկապ կը խոսար ինչ-օր 26 կոմիսարների մասին»,- գրել է լրագրողը:
Նախօրեին էլ օգտատերերը հրապարակել էին նույն քարտեզից մեկ այլ հատված, ըստ որի կորոնավիրուսով վարակակիրներ կան Երևանի քանաքեռի գերեզմանատանը։