կարևոր
1600 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-19 13:10

Ես ինձ տեսնում եմ որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև․ ՀՀ նախագահ

Ես ինձ տեսնում եմ որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև․ ՀՀ նախագահ

Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Պարբերականները նշել են, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այժմ սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին՝ պետական իշխանական թևերի միջև հակակշիռների խախտման, այդ թվում՝ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։ Ըստ այդմ, Հանրապետության նախագահի կարծիքով, ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից։ «Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև ազգի և պետականության ամբողջականության ջատագով լինելը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը,-ասել է նախագահ Սարգսյանը: -Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ է և օգտակար։

Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ առաջին հերթին քայլեր է անում կայացնելու և ուժեղացնելու նախագահի ինստիտուտը, որը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո փաստորեն պետք է վերակառուցել այնպես, որ, անկախ անձերից, կարողանա ապահովել պետության կայունությունը և ներքին հավասարակշռությունը, մեր ժողովրդի միասնականությունը: «Մյուս կողմից, մենք պատմական այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ ցանկացած հայ քաղաքական ղեկավարի և գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն,- ասել է Հանրապետության նախագահը: -Առանց այդ գիտակցության, առանց այդ պատմական ժառանգության խոր վերլուծության և դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն:

Մենք վերապրող ժողովուրդ ենք և որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»:

Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, այդ թվում՝ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացման, մասնավորապես՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրման: «Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ»։