663 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-19 12:29

ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ

ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստի օրակարգի 3-րդ որոշման նախագծով առաջարկում է բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ: Այս մասին նիստում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

«Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն օրակարգի 3-րդ հարցով առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Աշոտ Ուլիխանյանը:

Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ դնել 2020 թվականի օգոստոսի 1-ից: 

«Գազպրոմ Արմենիա»-ն  ապրիլի 1-ին ներկակացավծ սակագների վերանայման հայտով մասնավորապես առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։