կարևոր
1278 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 12:24

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին

Հայաստանում գարնանը հանրակրթության դպրոցների հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվի օգոստոսին: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Հասկանում ենք, որ այս երեխաները սեպտեմբերին կունենան դժվարություններ նոր նյութերի, նոր թեմաների յուրացման առումով: Եվ պետք է ամեն ինչ անել, որ ամառվա ընթացքում լրացուցիչ կրթական օժանդակություն ցուցաբերվի, որ երեխաները յուրացնեն բացթողնված թեմաները»,-նշել է նախարարի տեղակալը:  

Ներկայում մարզերից հավաքագրվում են տվյալներ, երեխաների խմբերն են ձևավորվում, որոնք պիտի մասնակցեն դասընթացներին: Նախատեսվում է դասընթացներն անցկացնել օգոստոսի առաջին շաբաթների ընթացքում: Այդ դասընթացները կլինեն հեռավար, թե ոչ՝ կախված է այդ ժամանակ երկրում համաճարակային իրավիճակից: Նույնիսկ համաճարակային պայմաններում` քննարկվում է դրա կազմակերպման հնարավորությունը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցները: 

«Իհարկե, մենք այս փուլում քննարկում ենք նաև սեպտեմբերից ուսումնական պրոցեսը սկսելու բոլոր սցենարները: Դիտարկում ենք նաև անհրաժեշտության դեպքում որոշակի խառը ուսուցման հնարավորությունը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ մենք ունենանք ամբողջական առկա ուսուցում: Ամեն դեպքում որևէ այլ իրավիճակի պարագայում հասկանում ենք, որ տարրական դասարանի դեպքում հեռավար դասընթացը ճիշտ չէ: Առաջին դասարանցիների պարագայում դա կարող է լինել ճակատագրական: Մենք կարող ենք տարբերակված մոտեցում ունենալ, օրինակ, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երեխաների թիվը փոքր է և հնարավոր է պահպանել բոլոր կանոնները, ապա դասապրոցեսը կազմակերպվի դասարանում: Բոլոր տարբերակները քննարկվում են, որպեսզի կախված իրավիճակից, ուսումնական պորցեսը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պատրաստելու տեսանկյունից մի քանի ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ունեն անելու: Նախ ուսուցիչների կարողությունների զարգացումն է: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ընթացքում արագացված դասընթացներ կազմակերպեցին, սակայն ուսուցիչների մի զգալի հատվածն ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հմտություններ դրսևորեց, զարգացրեց: 

«Բայց դրանք պետք է մեթոդապես, գործիքների իմաստով կարգավորված լինեն: Մենք ունենք  վերապատրաստումների կարիք: Նախատեսում ենք ուսուցիչների շրջանում վերապատրաստման գործընթաց սկսել հուլիսից: Հիմքում լինելու է և՛ գործիքներից օգտվելը, և՛ մանկավարժությունը: Դրանից բացի, մշակում ենք մեթոդական ուղեցույց: Մինչև սեպտեմբեր ամեն ինչ պետք է արված լինի: Մենք նախատեսում ենք, որ այդ դասընթացները հասանելի լինեն բոլոր ուսուցիչներին: Մեր խնդիրն է, հանրապետության բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտությունները: Քննարկում ենք նաև այն տարբերակը, որ ունենանք մենթոր ուսուցիչներ, որոնք կիրականացնեն այդ հմտությունների հավելյալ տարածումը: Խոսքն ուսումնական ամբողջական պրոցես կազմակերպելու մասին է, ոչ թե օրինակ Zoom հավելվածի, որը տեսահանդիպման հնարավորություն է տալիս: Այլ ծանոթ լինեն այնպիսի գործիքների, ինչպես, օրինակ, «google classroom»-ը, «Microsoft Teams»-ը, որոնք ավելի լայն հնարավորություններ ունեն»,-ասել է նա:   

Հեռավար ուսուցման կրկին անհրաժեշտություն առաջանալու պարագայում խնդրիր է նաև տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ երեխաների 15-20 տոկոսը տեխնիկական սարքերի անհասանելիության պատճառով չէր կարողանում մասնակցել պրոցեսին: Ներկայում քննարկում են կոնկրետ տարբերակներ, մի քանի մոտեցումներ մշակված են, սպասում են վերջնական համաձայնությունների, որ կարողանան վերջնական ընթացք տալ տեխնիկական հագեցվածության ապահովման հարցին: Մինչև սեպտեմբեր սա նույնպես կարգավորված կլինի: