կարևոր
1007 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 10:31

ԱՄՆ նախագահը լրջացնում է «կեղծ» մեդիայի դեմ իր պայքարը

ԱՄՆ նախագահը լրջացնում է «կեղծ» մեդիայի դեմ իր պայքարը

ԱՄՆ նախագահի քայլերը որոշ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների դեմ թևակոխում է իրավական հարթակ: ԱՄՆ նախագահը ստորագել է հրաման, որի նպատակն է փոփոխություններ կատարել Հաղորդակցության պարկեշտության մասին օրենքի 230-րդ բաժնում (Section 230 of the Communications Decency Act):

Նշված օրենքը թույլ է տալիս սոցիալական հարթակներին, ինչպես օրինակ, Ֆեյսբուքը և Թվիթերը, չսահմանափակվել հրատարակիչների համար գործող կարգավորումներով: Այլ կերպ ասած, եթե, օրինակ, ամսագիրը պատասխանատու է իր կողմից հրապարակվող նյութի բովանդակության համար, սոցիալական նման հարթակները ապահովագրված են պատասխանատվություն կրելուց իրենց օգտատերերի կողմից արված գրառումների բովանդակության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է փոփոխություն կատարել սույն օրենքում՝ նրանց զրկելով օրենքով տրված այդ պաշտպանությունից, այն պարագայում, եթե նրանք խտրական վերաբերմունք դրսևորեն օգտատերերի հանդեպ, սահմանափակեն սոցիալական հարթակում նրանց գործունեությունը՝ չլսելով այդ օգտատերերի բացատրությունը:

Թրամփը հրամանագրով հանձնարարել է առանձին գերատեսչություններին իրականացնել հետևյալ քայլերը.

  • պարզել, թե ինչ հանգամանքներում են համացանցային ընկերությունները գործում անազնիվ՝ արգելափակելով օգտատերերի գրառման հասանելիությունը: Համաձայն վերոնշյալ՝ 230-րդ հոդվածի՝ միայն բարեխիղճ կարգավորումներն են համացանցային ընկերություններին տալիս իրավական պաշտպանվածություն,
  • վերլուծել պետական կառույցների կողմից համացանցային ընկերություններին տրվող գումարները գովազդ իրականացնելու համար: Այս կետի նպատակն է թույլ չտալ, որպեսզի պետական կառույցները ֆինանսավորեն այնպիսի համացանցային ընկերությունների, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը:
  • ստուգել 2019թ. Սպիտակ տուն ուղարկված 16 հազար բողոքները, որոնք վերաբերում են համացանցային կազմակերպությունների կողմից քաղաքական հայացքների համար գրաքննության դեպքերին:
  • մշակել օրենքներ, որոնք կկանխեն առցանց հարթակների կողմից խարդախ կամ անբարեխիղճ գործողությունները:

Հրամանագրի հրապարակումից հետո, Թրամփն իր թվիթերյան էջում գրել է.

«Կոնգրեսականները պետք է չեղարկեն 230-րդ հոդվածը: Մինչ այդ այն կկարգավորեն»:

ԱՄՆ նախագահը ստորագրեց նման հրամանագիր այն բանից հետո, երբ Թվիթերի անձնակազմը սահմանափակումներ կիրառեց նախագահի գրառումներում՝ նշելով, որ այն խախտում է իրենց քաղաքականությունը՝ չքարոզել բռնությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ նախագահի այն գրառմանը, որտեղ նա նշել է. «Երբ սկսվում է թալանը, սկսվում են կրակոցները»:

Թվիթերը սահմանափակել է նաև Դոնալդ Թրամփի ևս երկու գրառում: Այդ գրառումներից մեկում նա Կալիֆորնիա նահանգում փոստով քվեարկությունը որակել է «խարդախություն»: Գրառման վրա հայտնվել է հղում, որտեղ տեղ են գտել փորձագետների կարծիքներն առ այն, որ փոստով քվեարկությունը հազվադեպ է հանգեցնում կեղծիքների: Ի պատասխան՝ Թրամփը Թվիթերին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու համար և հայտարարել, որ այն «խեղդում է խոսքի ազատությունը»:

Թվիթերը նաև հեռացրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը՝ հայտարարելով, որ այն խախտել է հեղինակային իրավունքները՝ ընդգրկելով հատվածներ սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ցույցերից:

ԱՄՆ նախագահի որոշ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների դեմ պայքարը, ըստ էության, նոր չէ: Ինչը նախևառաջ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ի սկզբանե շատ մեդիա հարթակներ, հարելով դեմոկրատական ուժերին, հաճախ քննադատում են Դոնալդ Թրամփին: Ի պատասխան՝ նախագահի սուր մեկնաբանություններն էլ ավելի խորացրեցին այդ պայքարը: Սակայն հետաքրքիր է նաև, թե ինչն է դրդում ԱՄՆ նախագահին, ընտրություններին ընդառաջ, երբ առանց այն էլ չկա իր հասցեին հնչող քննադատությունների պակաս (պայմանավորված կորոնավիրուսի ճգնաժամով և ոստիկանի կողմից աֆրոամերիկացի քաղաքացու սպանությամբ), գնալ նման քայլի: Հարցի պատասխանը կարելի է գտնել ԱՄՆ նախագահի և իր աջակիցների մեկնաբանություններում. ըստ նրանց` որոշ սոցիալական մեդիա հարթակներ կանխակալ են պահպանողական հայացքներ ունեցող ուժերի հանդեպ: Ըստ էության, շատ լավ հասկանալով, որ իր թիմին դժվար է լինելու հասարակության լիբերալ շրջանակներից ստանալ ձայներ, ընտրություններին ընդառաջ ԱՄՆ նախագահն նման գործելաոճով ցանկանում է ամրապնդել և ընդլայնել պահպանողականների աջակցությունը: