կարևոր
1306 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 22:29

Ինչպե՞ս է իրականացվում թոքաբորբերի վարումը արտահիվանդանոցային պայմաններում

Ինչպե՞ս է իրականացվում թոքաբորբերի վարումը արտահիվանդանոցային պայմաններում

COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի:

Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ:

COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում` ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

Տնային այցի ընթացքում, ելնելով պացիենտի ծանրության աստիճանից և անհրաժեշտությունից, ԱԱՊ բժիշկը որոշում է կայացնում հոսպիտալացման մասին:

Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի  համաձայն` COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․

1)  COVID-19 և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում),

2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և 60-ից բարձր տարիքը,

3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,

4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են.

բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

ա. շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ. արյան թթվածնով հագեցվածություն` SpO2 ≤93%,

գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ:

Այսպիսով` բնակչությանը կոչ ենք անում հետևել բժշկի նշանակումներին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ: Առողջական վիճակի փոփոխության արձանագրման դեպքում անմիջապես կապ հաստատել ԱԱՊ բժշկի հետ: