ՀՀ Ազգային ժողովը երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով սահմանվեցին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները: Հունիսի 18-ի նիստում փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Նախագծի ընդունմամբ ակնկալում ենք բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, ապահովել այդ իրավունքների իրականացման երաշխիքների ապահովումը, լուրջ առաջընթաց գրանցել հոգեկան առողջության ոլորտում: Նախագծում ավելացվել է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց անհետաձգելի հոգեբուժական օգնության մասին ապահովման երաշխիքները պետության կողմից, ինչը մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակում մենք իրականացնում ենք, բայց այսուհետ այս կարգավորումը տեղ է գտել նաև օրենքում: Ավելացվել են նաև մի քանի այլ դրույթներ»,- ասաց Ավանեսյանը:
Օրենքի նախագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները, անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները:
Նախարարի տեղակալը նշել էր, որ գործող օրենքն ընդունվել է 2004թ., և արդեն արդարացիորեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձնանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 99 «կողմ» ձայնով: