կարևոր
1778 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-18 21:02

Վճռաբեկ բողոքների քննության համար կներդրվի գրավոր ընթացակարգի ինստիտուտ

Վճռաբեկ բողոքների քննության համար կներդրվի գրավոր ընթացակարգի ինստիտուտ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում, որ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննի և դրանց վերաբերյալ որոշումները կայացնի գրավոր ընթացակարգով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 98 կողմ ձայն:

Առկա կարգավորումներով Վճռաբեկ դատարանում պետք է որոշում կայացնելու համար անպայման նիստ հրավիրվի: Սակայն համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներ կան: Նախագծով առաջարկվում է ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակում:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: