կարևոր
814 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 19:24

«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը մեկուսացվել է

«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը մեկուսացվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում հունիսի 18-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են», - հայտնում է Գրիգորյանը։

Խոսրովի անտառ պետական արգելոցում 2017 թվականին խոշոր հրդեհ էր բռնկվել, սակայն հրդեհի առաջացման ստույգ պատճառը մինչև այսօր հայտնի չէ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում) մասի և 186-րդ հոդվածի 2-րդ (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) մասի հատկանիշներով։

Լիլիթ Դեմուրյան