կարևոր
2099 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 18:41

Ծառուկյանի պաշտպանները դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Ծառուկյանի պաշտպանները դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դատական նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու։

Սարգսյանը նշեց, որ խնդիրը կապված է միջդատական վարույթների հետ կապված մակագրությունների կարգի հետ։

«Գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրությունը իրականացնում է։ Գտնում ենք, որ ի սկզբանե արդեն խախտում է արդար դատաքննության իրավունքը»,- ասաց Սարգսյանը։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից ևս մեկ անգամ պնդելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ավելի վաղ, հունիսի 17-ին պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։