Բարձրագույն դատական խորհուրդն ընդմիջումից վերադառնալուց հետո որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել մոր վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք:
Վարդազարյանը նշեց, որ ԲԴԽ նիստում կա քվորում, սակայն կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանում են նիստն այդ կազմով շարունակել։
Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է:
ԲԴԽ-ն, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեց հետաձգել նիստը՝ նշանակելով այն հունիսի 25-ին:
Ընդմիջումից հետո նախատեսված էր Աթանեսյանի ելույթը։ ԲԴԽ-ին պետք է պարզաբանումներ տար նաև դատավոր Ազարյանը:
Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: