կարևոր
1997 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-18 18:05

ՀԿԱԾ-ը պարզաբանել է ծառայության աշխատակիցների և քաղաքացու միջև միջադեպի մասին հրապարակումները

ՀԿԱԾ-ը պարզաբանել է ծառայության աշխատակիցների և քաղաքացու միջև միջադեպի մասին հրապարակումները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել ծառայության աշխատակիցների և քաղաքացի Ա.Եղիազարյանի միջև միջադեպի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունը․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների և քաղաքացի Ա.Եղիազարյանի  միջև ենթադրյալ միջադեպի առնչությամբ այսօր մամուլում տարածված հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ծառայության աշխատակիցները դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ս.թ.-ի հունիսի 15-ին Իսրայելյան փողոցի X հասցեում հերթական անգամ ձեռնամուխ են եղել տարբեր հիմնավորումներով մի քանի անգամ կասեցված և հետաձգված վտարման  գործողությունների կատարմանը:

Կատարողական գործողությունների ընթացքում պարտապաններից մեկի՝ Սուսաննա Մ.-ի առողջական վիճակից ելնելով՝ հասցեի բնակիչների կողմից հրավիրվել է շտապօգնություն: Բժշկի կողմից Սուսաննա Մ.-ի առողջական վիճակի վերաբերյալ տրված մասնագիտական ցուցման համաձայն` Ծառայության աշխատակիցների կողմից կատարողական գործողությունները դադարեցվել են, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Կատարողական գործողություններին մասնակցել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մամուլում տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և առերևույթ պարունակում է զրպարտության հատկանիշներ: Կատարողական գործողությունների ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից պարտապան Ա. Եղիազարյանի նկատմամբ բռնություն չի իրականացվել: Կատարողական վարույթով իրականացված կատարողական գործողությունների գրեթե ողջ ժամանակահատվածում պարտապան Ա. Եղիազարյանը դրսևորվել է ոչ պատշաճ վարքագիծ՝ զուգորդված սադրիչ գործողություններով և անպարկեշտ արտահայտություններով, ինչպես նաև փորձ է կատարել խոչընդոտելու հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների կատարմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրականացվում է քննություն և ճշտվում են ենթադրյալ միջադեպի մանրամասները՝ հորդորում ենք ԶԼՄ մեր գործընկերներին այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց մինչև կճշտվեն բոլոր հանգամանքները և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հ.Գ. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում»: