կարևոր
2406 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-18 16:46

ԱԺ-ը քննարկեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը

ԱԺ-ը քննարկեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթը հեղինակել են ՀՀ կառավարությունն ու խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ  ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը, իսկ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները:

Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն:

Երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար: