կարևոր
1521 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 16:34

Ադրբեջանի նախագահը չի կարողանա ներկա գտնվել Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին

Ադրբեջանի նախագահը չի կարողանա ներկա գտնվել Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի կարողանա ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին` երկրում կարանտինային ռեժիմի պատճառով։ Երկիրը կներկայացնի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակը:

«Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման հետևանքով ինքը չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ: Այդ միջոցառմանն Ադրբեջանը կներկայացնի պաշտպանության նախարարն ու հանրապետության բանակի 75 զինծառայող»,-նշված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ որոշում էր կայացրել հետաձգել հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի անցկացումը բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով: Մայիսի վերջին նախագահը հայտարարել էր, որ հաղթանակի զորահանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին ։