Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վարակվածության տեմպերի աճը պայմանավորում է բակերում մեծ կուտակումների հետ. դեպքերը հաճախ նույն փողոցում են։ Նախարարը կառավարության նիստում նշեց, որ կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունեն վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է:
«Չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց: Ակնհայտ է, որ մենք մյուս առումներով ավելի լավ ենք, բայց վատ ենք այդ հատվածում։ Նաև ուզում եմ հիշեցնել սգո արարողությունները, նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների նկատմամբ»,- ասաց նախարարը:
Հայաստանում հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 309 դեպք: