կարևոր
722 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-17 21:04

ՀՀ ՊՆ բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով

ՀՀ ՊՆ բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո, 2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես և նախորդ զորակոչերին, գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդից։

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնելու և ներկայացնելու ուշագրավ հարցերը:

2020թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով: Կձեռնարկվեն միջոցներ առողջական տեսակետից այն անվտանգ անցկացնելու համար: Մշտապես կախտահանվեն ու կօդափոխվեն աշխատանքային տարածքները, հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին կտրամադրվեն ախտահաման ու պաշտպանիչ միջոցներ: Նիստերի մասնակիցների թիվը ողջամտորեն կսահմանափակվի, կկատարվի հանձնաժողովի անդամների կանոնավոր փոխարինում միմյանցով, նիստերը կգումարվեն առավել հաճախ` կրճատելով մեկ նիստի ընթացքում քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տևողությունը, կպահպանվի անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջև և այլն:

Ցավոք, լրատվամիջոցներր ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում չեն կարող մասնակցել նիստերին, ինչը ժամանակավոր նահանջ է հանձնաժողովի աշխատանքային սկզբունքներից: Այդուհանդերձ, լրատվամիջոցները կարող են հետաքրքրող տեղեկություններն ու մեկնաբանություններն ստանալ հեռախոսով: Նույն կերպ կպարզաբանվեն նաև քաղաքացիներին հուզող հարցերը` խուսափելով նրանց ընդունելությունից և անմիջական շփումից:

Դիմում-բողոքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ:

Դիմում-բողոքը պետք է գրել տանը, դրան կցել անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից, իսկ պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010)523482 հեռախոսահամարով:

Համոզված ենք, որ յուրաքանչյուրի գիտակից ու պատասխանատու վարքով կապահովենք հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող վերոհիշյալ հանձնաժողովը քաղաքացիների դիմումների և բողոքների գլխավոր հասցեատերերից է և դրանց լուծման ամենաարդյունավետ օղակը:

Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում դրա ծառայությունից օգտվել են ավելի քան 3 հազար քաղաքացիներ: Նախորդ զորակոչին հանձնաժողովն ստացել է 111 դիմում-բողոք` անմիջականորեն մասնակցելով դրանցից 68-ում արծարծված խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի միջամտությամբ կատարվել են զորակոչիկների 21 ստուգողական բուժհետազոտություն և 2 վիրահատություն, որի շնորհիվ կարևոր տվյալներ են բացահայտվել նրանց հիվանդությունների և առողջական խնդիրների վերաբերյալ: Այդ առումով զգալի է նաև մասնավոր բուժհետազոտությունների դերը, որոնց տվյալները համադրվում են այլ հետազոտական տվյալներին և օգնում հանգելու առավել հիմնավորված եզրակացությունների:

Ընդհանուր առմամբ, վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 28 եզրակացություն, ըստ որոնց 18 զորակոչիկի տրվել է մինչև 1 տարի, 5-ին` 3 տարի ժամկետով տարկետում, 5-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի: Բացի այդ, 1 զորակոչիկի զորակոչն ընտանեկան հանգամանքների առնչությամբ առկախվել է:

Հարգելի հայրենակիցներ, չնայած այժմյան անսովոր իրավիճակին` կարող եք վստահ լինել, որ հանձնաժողովը կաշխատի իրեն բնորոշ անաչառությամբ, հետևողականությամբ և խորաթափանցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: