կարևոր
1344 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 18:24

Փոխվարչապետը վստահեցնում է, որ Ֆիրդուսի նախագիծը առաջ կտարվի՝ բոլորի շահերը հաշվի առնելով

Փոխվարչապետը վստահեցնում է, որ Ֆիրդուսի նախագիծը առաջ կտարվի՝ բոլորի շահերը հաշվի առնելով

Ֆիրդուսի  թաղամասի կառուցապատման հարցը միակողմանի չէ, միակ ճանապարհը, որ մնում է պետությունը՝  բոլորի շահերը հաշվի առնելով, եղած նախագիծն առաջ տանելն է: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Սարգիս Խանդանյանի հարցին:

Նա նախ հիշեցրեց, որ Ֆիրդուսի ծրագրի գործընթացը փաստացի սկսվել է 2007-2008 թթ-ին: Այդ տարածքը ճանաչել է գերակա շահ, և 2015-ին արդեն իսկ մշակվել է կառուցապատման հայեցակարգ: Կան ներդրողները, որոնք օտարումների համար ներդրել են մոտ 70 մլն դոլարին համարժեք գումար, և նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ լինի: Ավինյանի խոսքով՝ եղել են ձգձգումներ, սակայն եռակողմ հանդիպման արդյունքում տրվել է հնարավորություն, որ այս գումարների փոխանցումն արագ տեղի ունենա, մարդկանց խնդիրներն արագ լուծվեն:

«Խիստ հանձնարարական է տրվել, որ պատմամշակութային բոլոր հուշարձանները հնարավորինս այս ծրագրից, գերակա շահից հանվեն: Որպես պատմամշակութային հուշարձան ֆիքսված շենքերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել: Ինչ վերաբերվում է այն շենքերին, որոնք կարող է դիտարկվեն որպես պատմամշակութային հուշարձան, էլի տեղային լուծումներ փորձում ենք տալ: Եվ  1-2 շենքի հետ կապված կարող է հնարավոր լինի լուծում: Խնդիրը միակողմանի չէ: Միակ ճանապարհը, որ մնում է, Ֆիրդուսի եղած նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ, բոլոր շահերը հաշվի առնելով, առաջ տանել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,-ասաց Ավինյանը:

Ավինյանը նկատեց, որ բոլոր ծրագրերը, որոնք որոշ ծավալով գերակա շահի հետ կապ են ունեցել, փոխկապակցված են եղել միմյանց հետ: «Եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք Գլենդել Հիլս ընկերության սննկացման պատճառով մի իրավիճակում են հայտնվել, գումարներ են վճարած եղել և փաստացի իրենց բնակարանային ապահովության հարցը կախված է եղել օդում: Հեղափոխությունից հետո 438 ընտանիքի բնակարանային ապահովության հարցը՝ և Ֆիրդուսի թաղամասից, և այլ թաղամասերից լուծվել է»,-ասաց փոխվաչապետը:

Երևանի Ֆիրդուսի թաղամասում կառուցապատման աշխատանքեր են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2023 կամ 2024 թվականին։ Թաղամասում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։