կարևոր
1758 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-17 17:05

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին ևս մեկ անգամ կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան:

«Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը ԼՂ հարցը վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի։

«Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը դրել է տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արյդունավետ, բայց հայ ժողովուրդը, առավել ևս ԼՂ հարցը, վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը: