Մենք քիչ առաջ ԲՀԿ-ից գրություն ենք ստացել Քննիչ հանձնաժողով ձեւավորելու հետ կապված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն կորոնավիրուսի կանխարգելման, դրա հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
«Քննիչ հանձնաժողովի ստեղծելու գաղափարը մեր կողմից շրջանառության մեջ է դեռեւս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին նման կոչ արել է Վանեցյանը, որ ստեղծեք հանձնաժողով: Դրանից հետո այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց:
Իրականության մեջ մոնիտորինգն ունի երկու ձեւ. կա պոստմոնիտորինգ, այսինքն, երբ ամեն ինչ ավարտվում է եւ դու հետ ես գնում, սկսում ես ուսումնասիրել, օրինակ ապրիլյան պատերազմը, եւ ընթացիկ մոնիտորինգ: Ասեմ, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ԼՀԿ-ն իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ: Մենք օրերով, ժամերով ունենք բոլորի հայտարարություններն ու արարքները: Հիմա եթե մենք նախաձեռնենք քննիչ հանձնաժողով, այն ձեւավորվելու է սեպտեմբերին: ԼՀԿ որոշումը հետեւյալն է՝ մենք քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը»,-հայտարարել է Մարուքյանը:
Նա պարզաբանել է դա հետեւյալ կերպ. «Նախ գաղափարը մերն է եղել, երկրորդ՝ ՀՀ ԱԺ-ում կա երեք քննիչ հանձնաժողով, մեկը ղեկավարում է «Իմ քայլը» դաշինքը, իսկ մյուս երկու քննիչ հանձնաժողովները գլխավորում են ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Հետեւաբար ճիշտ կլինի, որ հաջորդ քննիչ հանձնաժողովը գլխավորի «Լուսավոր Հայաստանը» »: