կարևոր
1259 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 15:16

Ո՞վ կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Ո՞վ կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնող Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում եւ դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ:

Պապոյանը որպես դատավոր իր գործունեությունը սկսել է 2011 թվականից: Նա մինչև 2014թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը: Այս գործով արդեն երկու ձերբակալված կա, որոնցից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է: Գործի նյութերում նշվում է, որ հենց նա եւ «Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանն են «գլխավորել» ընտրակաշառք բաժանելու գործընթացը: Հավելենք, որ Սեդրակ Առուստամյանն արդեն կալավորված է այլ քրեական գործով: