Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը երկրի կառավարությանը խնդրել է անհապաղ օգնություն հատկացնել Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ պայմանավորված վերջին մեկ շաբաթում երկրում վարակման ցուցանիշի մտահոգիչ աճով։ Այս մասին տեղեկացնում են Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 16.000-ի, այն դեպքում, երբ Ավստրալիայում միևնույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշն եղել է 7.320, իսկ վերջին շրջանում տարվող աշխատանքների շնորհիվ ի հայտ են գալիս օրական ընդամենը 5-10 նոր դեպքեր:
Բացի այդ, նշվում է՝ հանձնախումբը կապ է հաստատել Հայաստանի արտգործնախարարության և առողջապահության նախարարության հետ ու տեղեկացել անհրաժեշտ բուժսարքավորումների մասին, որից հետո այդ սարքավորումների ցանկը փոխանցել է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության ներկայացուցիչներին և առողջապահական հարցերով մասնավոր արդյունաբերության ոլորտի փորձագետներին:
Այս առնչությամբ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է. «Մեր համայնքը շատ է անհանգստացած Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, որն օրեցօր ավելանում է հարյուրներով: Մեր պարտքն է ցանկացած աջակցություն տրամադրել Հայաստանում բնակվող մեր քույրերին և եղբայրներին», ու հույս հայտնել՝ կորոնավիրուսի դեմ բարեհաջող պայքար մղող Ավստրալիան կկարողանա օգնություն տրամադրել նաև Հայաստանի Հանրապետությանը։