ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը: Մակունցն այս մասին ասաց ԱԺ հունիսի 17-ի նիստում իր ելույթում:
«ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Եվ հիմա պարզաբանեմ, թե ինչու: Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե ՀՀ հանրությունը, թե մեր միջազգային գործընկերներն իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների միջամտության, լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,-ասաց Մակունցը:
Նրա կարծիքով՝ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է կատարվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձ կատարելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: «Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-նշեց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի պնդումներին, թե իշխանությունը Ծառուկյանին վերագրվող գործով ցանկանում է պարզապես լռեցնել ընդդիմությանը՝ Մակունցը վստահեցրեց, որ որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունը ոչ միայն չի համապատասխանում իշխանության արժեքային հենքին, այլ նաև չի համապատասխանում իրականությանը: