կարևոր
1666 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 12:17

Պատգամավորը լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ոստիկանություն

Պատգամավորը լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ոստիկանություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին։

Գայանե Աբրահամյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, գրել է, որ  ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժել են լրագրողները, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է՝ չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։

«Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին և՛ լրագրողները, և´ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։

Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը։

Պատգամավորը ոստիկանությանը հորդորում է ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար։

Հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո խառնաշփոթ էր սկսվել փողոցում: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները, պատ կազմելով, սկսեցին ետ հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից:

ՀՀ ոստիկանությունը  հայտարարել էր, որ Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի։