05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանի կանխատեսմամբ՝ այս տարի արտահանման ներուժ ունեցող ծիրանի, կեռասի և դեղձի ծավալները կլինեն զգալիորեն ավելի ցածր՝ բնակլիմայական պայմանների պատճառով: Պետրոսյանը նման կարծիք հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած՝ համավարակի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրների թեմայով առցանց քննարկմանը:
«Այս տարի բնակլիմայական գործոններով պայմանավորված՝ առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել՝ գումարած նաև համավարակի հետ կապված դժվարությունները: Ինչպես տնտեսության այլ ոլորտներում, այնպես էլ գյուղատնտեսությունում լուրջ խնդիրներ են առաջացել: Շուտով մոտենում է արտահանման ամենամեծ ներուժ ունեցող պտղատեսակի՝ ծիրանի բերքահավաքը: Բերքը որակական և ծավալի առումով զիջում է նախորդ տարիների մակարդակը»,-ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարի ցածր բերք է սպասվում նաև կեռասենու, դեղձենու այգիներից:
«Դա պայմանավորված էր ջերմաստիճանի կտրուկ անկումներով, նաև առանձին վայրերում բացասական ջերմաստիճան գրանցվեց, շարունակաբար տեղումներ եղան, ինչը բարենպաստ պայմաններ ստեղծեց մի շարք սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: Դա անկասկած չէր կարող իր ազդեցությունը չունենալ ակնկալվող բերքի վրա: Այս երեք պտղատեսակների արտահանման ծավալները կլինեն զգալիորեն ավելի պակաս, քան նախորդ տարիներին էր»,-ասաց փորձագետը:
Նա նկատեց, որ կարող է զարմանալի թվալ, բայց այս օրերին արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ ակտիվություն է նկատվում, որոնք ծիրանենու այգիների տերերի հետ շփումների մեջ են: Նրանք արդեն կանխավճարներ են տվել, պատրաստակամություն են հայտնել բերքը արտահանելու: Պետրոսյանը գյուղատնտեսական ապրանքների արտահանման առումով վերջին տարիների ամենամեծ խնդիրն է համարում Լարսի անցակետում առաջացող խոչընդոտները: Սակայն նա նաև նկատեց, որ Հայաստանն արդեն անցակետում ունի իր ներկայացուցիչը, Պետրոսյանը կարևորեց նրա ներկայությունը հայաստանյան արտահանողների համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: